среда, 14 декабря 2016 г.

Ո՞րն է ֆրանսերեն սովորելու շարժառիթը մեր դպրոցում. մի կողմից մասնակցությունը eTwinning պլյուս եվրոպական ծրագրին, մյուս կողմից էլ թիվմեկցիները գիտակցում են, որ օտար լեզուների իմացությունը մեր իրականության մեջ հնարավորություն է տալիս գնալ ավելի հեռուն, թակել տեղեկատվական նոր դռներ: 
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ բաց դաս ֆրանսերենից 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Դասը հագեցած էր տարաբնույթ և նպատակային առաջադրանքներով, որոնք բացահայտեցին աշակերտների բառապաշարը և գիտելիքների մակարդակը հնչյունաբանությունից, քերականությունից և երկրագիտությունից: Նրանք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին դասի ընթացքում և հեռացան մեծ ոգևորությամբ` ցանկանալով կրկին մասնակցել նմանատիպ դասերի:




«Իմ գաղտնի ընկերը»

   Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, անցկացվեց բաց դաս  VIII դասարանում։ Դասը հոգեվերլուծողական  էր։ Դասի թեման էր  «Իմ գաղտնի ընկերը»։ Աշակերտներից յուրաքանչյուրը նախապես պատահականության սկզբունքով ընտրել էր թուղթ, որի վրա գրված էր դասընկերներից մեկի անունը։ Մեկ ամիս անընդհատ ամեն մեկը ուսումնասիրում էր իր գաղտնի ընկերոջը, փորձում ավելի լավ ճանաչել՝ ճշգրիտ բնութագրելու համար։   1 ամիս անցնելուց հետո անցկացվեց դասը, որի ընթացքում աշակերտը բնութագրում էր իր գաղտնի  ընկերոջը  /չի ասվում սեռը, անունը, ազգանունը/։ Տվյալ աշակերտը պիտի կռահի՝ հերոսը  ի՞նքն է, թե՞ ոչ։ Եթե չի կռահում, փորձում է օգնել  դասղեկը։ Եվ այսպես, բոլորը բնութագրեցին դասընկերներին՝ նվիրելով նաև գեղեցիկ փոքր հուշ՝ հիմնականում իրենց ձեռքով պատրաստած։ Վերլուծեցին, ճանաչեցին նաև  ընկեր բառը։ Ուսուցիչը տեղեկացրեց, որ Խաղաղ օվկիանոսում  կա «Ընկերության կղզիներ» կղզեխումբը։ Երազեցին դասարանով այնտեղ լինել։ Ներկայացրին դարձվածքներ, մեծերից մտքեր, ստեղծագործություններ՝ ընկերությունը փառաբանող։ Շատ խորիմաստ էր նաև պաստառը՝ գաղտնի ընկերոջ թեմայով։ Վերջում կարծիքներ հայտնեցին ներկաները, ովքեր շատ տպավորված ու ոգևորված էին։  











Այդ տրամադրությամբ էլ հրավեր ստացանք մասնակցելու X դասարանի կազմակերպած «Ձեզ տեսնենք, աղջիկներ» մրցույթին։
Հաղորդավարների ազդարարելուց հետո «Արև», «Ժպիտ», «Աստղիկներ» թիմերի մասնակիցները զբաղեցրին իրենց տեղերը, ու սկսվեց  …
Է՛լ սեղանի սպասքադրում, է՛լ աղցանների պատրաստում - ձևավորում,
է՛լ ասեղնագործություն,  է՛լ վարսահարդարում։ Տասներորդցիներն ամեն ինչ անում էին՝ ապացուցելու  համար, որ բացի  դասից ու գրքերից, այլ հետաքրքրություններ էլ ունեն։ Մրցութային համարներն ընդմիջվում էին հաղորդավարների հայեցի խոսքով, նկարչությամբ, գեղեցիկ երգերով։

Ճիշտ է, ըստ միավորային գումարի հաղթեց «Արև» թիմը, բայց բոլորն էլ ունեցան ձեռքբերումներ՝ բարձր տրամադրություն, մրցելու կամք ու, ինչու չէ, համեղ աղցաններ  և  մրգային աղանդերներ համտեսելու հնարավորություն։ 











Մեր դպրոցում այս տարին այնպիսի եռուզեռ է, որ ոչ դրսի ցուրտն ենք հասցնում զգալ, ոչ մոտեցող տոների բերկրանքը ․․․ Թեմատիկ ու տնօրենության կողմից գրավորներ, կիսամյակային ստուգարքներ, դասասենյակների տոնական ձևավորում ու այդ ամենից զատ՝ տարատեսակ միջոցառումներ։
Այսօր, օրինակ, Գյումրու մանկավարժական ինստիտուտի  պրակտիկանտները ինտելեկտուալ խաղ - մրցույթ էին կազմակերպել՝ տարբեր դասարաններից ընտրելով հավաքական թիմեր։ Մրցույթը վարում էին հենց իրենք՝ պրակտիկանտները։ Հարցերը ոչ ավել, ոչ պակաս անգլերենով էին, և պատասխաններն էլ այդ լեզվով էին հնչում։

Ընտրված թեմաները ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ մշակույթ, տրամաբանություն, քաղաքականություն. կային նաև հումորային հարցեր։ Աշակերտներն այնքան վարժ էին խոսում օտար լեզվով, որ մեր հյուրերը հասցրին հիանալ  ու հրաշալի կարծիք հայտնել։






четверг, 8 декабря 2016 г.

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր ամիսը բուռն էր XII բ դասարանցիների համար։ Ունեցան երկու բաց դաս քիմիա և կենսաբանություն առարկաներից։ Ոգևորությունը շատ մեծ էր։
Քիմիայի դասն անցավ շատ ծավալուն մթնոլորտում։ Հետաքրքիր էր յուրաքանչյուր հարցը, մեջբերումը, վերլուծությունը։ Ես շատ տպավորվեցի  թե՛ դասի բուն նյութից, թե՛ լրացուցիչ տեղեկություններից, որոնք ինձ օգնեցին էլ ավելի հարստացնել իմ գիտելիքները քիմիա առարկայից։
Կենսաբանության թեման վերօքս ռեակցիաները տարբեր փորձերի միջոցով ավելի լավ հասկացանք նյութերի օքսիդիչ և վերականգնիչ հատկությունները, քիմիական ռեակցեաներում  նրանց օքսիդացման աստիճանների փոփոխությունները։ Փորձերով ուսումնասիրեցինք  կալիումի դիքրոմատի և կալիումի պերմանգանատի օքսիդիչ հատկությունները թթվային, հիմնային և չեզոք միջավայրում։
Բնագիտական առարկաներից ոգևորված, որոշեցինք մի քիչ լիցքաթափվել՝ դասղեկի ժամը նվիրելով  Պարույր Սևակին։
Հնչյունների ներքո աշակերտները մեկը մյուսին հերթ չտալով՝ ներկայացնում են Սևակի բանաստեղծությունները, սակայն այդ ոգևորությունը մի պահ լռեցրեց, երբ Սոնան արտասանեց «Բաժանում» բանաստեղությունը։ Եվ մի պահ պատկերացրինք, որ շուտով իրենք էլ են բաժանվելու իրենց սիրելի դպրոցից և դասարանցիներից։ Լռությունը խախտեց Արարատը։





 XII բ դասարան

դասղեկ՝  Շ․ Սանոյան

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ



XIIա դասարանում  նոյեմբեր ամսին նախատեսվել և կատարվել են հետևյալ աշխատանքները։ Այցելություն Գյումրու տուն-թանգարաններ,   դասղեկի դասալսումներ և այլն։
XII ա դասարանը այցելեց  Գյումրու Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ։
Նրանք  այնքան էին տպավորվել, որ թանգարանում սկսեցին ասմունքել՝ ներկայացնելով  նրանց ստեղծագործությունները։ Ընդունելությունը այնքան ջերմ էր և տպավորիչ, որ երեխաները չէին ուզում դուրս գալ թանգարաններից։
Ոգևորությունները և տպավորությունները արտահայտելու և քննարկելու համար, երեխաները որոշեցին դա  անել ավելի տաքուկ պայմաններում՝ սրճարանում,   թեյի սեղանի շուրջ։
Այս ամսում նաև նախատեսվել էր դասղեկի կողմից դասալսումներ  անգլերեն  և հայոց լեզու և գրականություն առարկաներից։  Երեխաները  պետք է գրեին փոքրիկ  պատմվածք՝  «Մի կյանքի պատմություն» խորագրով, գրել էին 3 աշակերտներ, բաց դասին ակտիվ էր ամբողջ դասարանը։  Այս դասին հաջորդեց «Վարպետաց դասերի» հերթական հանդիպումը, որը նույնպես տպավորիչ էր և ինքնատիպ։
Նոյեմբեր ամիսը արտառոց էր նաև նրանով, որ  XII դասարանցիները առիթ ունեցան նաև առաջին անգամ մասնակցել  «Առաջին անգամ ընտրող» ծրագրին։
Հանդես եկան ոչ միայն որպես ընտրող, այլ նաև  դասարանը առաջադրել էր  իր թեկնածուին՝  Լիլիթ Ավետիսյանին։
Ամիսը ամփոփվեց ևս մեկ ընտրությունով՝  դասարանում ընտրվեց տվյալ ամսվա լավագույն աշակերտը՝  Վրեժ Հովհաննիսյանը։



                                                           XII ա   դասարան

Դասղեկ՝   Մ. Խոցանյան

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ


Նոյեմբեր ամսվա ընթացքում դասարանում դասղեկական ժամերին զրուցել և քննարկել ենք «Պատմական ակնարկ Հայաստանի մասին», «Լեզուն բնական հրաշք է», և «Ինչպես պահպանել երկիր  մոլորակը» թեմաները։
Դասարանից Հովսեփյան Կառլենը  բռնցքամարտի մրցումներից շահել է   I տեղի  մրցանակ՝  մեդալ  և  պատվոգիր։
Կատարել եմ դասալսումներ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա և տեխնոլոգիա առարկաներից և պարզվում է, որ աշակերտները ունեն բավականին առաջընթաց այս առարկաներից։
Հետևողական աշխատանքի արդյունքում աշակերտների հաճախումները կարգավորվել է,  ինչպես նաև դասարանի կարգապահական վիճակը ևս կանոնավորվել է։

VII ա դասարան
Դասղեկ՝ Շ. Գասպարյան