Տղե՛րք ջան, դեռ երեկ երեխեք, այսօր՝ զինվորնե՛ր
ջան, անպարտնե՛ր ջան, ամեն վայրկյան մտովի ու բարձրաձայն աղոթում եմ ձեզ համար…
Մեր հողի ցավից սիրտս ճմլվում է, բայց և
հպարտությունը կոկորդս բաց չի թողնում։ Ո՜նց եմ սիրում ես ձեզ ու ոնց եմ
դողում՝ հանկարծ մատներդ փուշ չմտնի…
Իմ խոհեմ, խենթ, խելացի, չարաճճի, ըմբոստ, հավասարակշռված,
լուրջ ու ցանցառ հզորնե՛ր ջան, ո ՜նց եմ
ուզում այս պահին հավաքել բոլորիդ իմ մեծ,
տաք, ապահով գրկում, համբուրել ու յուրաքանչյուրիդ շնորհակալություն հայտնել, որ մեր
պատիվը, իմ պատիվը, քաղաքի ու տեսակի պատիվը այսքան բարձր եք պահում…
Ռա՛զ ջան /ասինք՝ լուրջ, չասինք՝
այդքան/, Բաբկե՛ն ջան /ա՛յ տղա, էլի ժպտու՞մ ես/, Վարդգե՛ս ջան /չքնես մնաս, այսինքն՝ ինչ եմ ասում/, Իգանո՛ր
ջան /էս ինչ առնական տեսք ես ստացել/, Դավոներ ջան, Հովոներ ջան ... ջան …
ջան …
Հավատու՞մ էիք, որ կարող է՝ բառեր չգտնեմ՝ զգացածս փոխանցելու համար… Հիմա այդ վիճակում եմ … Ձեր ցավը տանեմ, թիթիզություն
չանե՛ք, ձեր քաջությանը կասկածող չկա, մի՛
փորձեք իրար գերազանցել…
Չմոռանաք՝
վախկոտը նենգ է լինում, չմոռանաք՝ թուրքի լամուկի
դեմ եք կանգնած…
Արժանապատվության, հայրենաբաղձության, արիության
դասերի հետ պատմության դասերը հիշե՛ք թուրք
հորջորջվող երևույթի մասին…
Հիշու՞մ եք՝ դժգոհում էինք, Վերջին զանգի քեֆ
էինք ուզում… Ա ՜յ քեֆը հիմա ենք անելու, երբ վերադառնաք, երբ հավաքվեք իրար գլխի բոլորս… Արտա՛կ ջան, պատրաստվիր <<Յարխուշտա>>
ենք պարելու… Սովորեցնելու համար էլ չարչարվել
պետք չէ. գենով, ոգով, արյունով, այս պատերազմով սրբագրվել է պարը և լցվել բոլորիդ մեջ, բոլորիս մեջ։
Ձեր՝
սուրը բռնած ու մեր՝ երկիրք մեկնված
ձեռքերն այնպես ենք իրար խփելու, որ ոչ միայն նենգ ոսոխը, այլև խուլ ու համր բարեկամը սթափվի… Ո ՜նց ենք
պարելու… Բայց պայմանով, որ չպակասեք, լսու՞մ
եք, չպակասեք, ոչ մի բացակա չի լինելու, ոչ մի ներողություն այս անգամ ձեզ չի փրկի…
Ձեր ցավը
տանեմ /չէիք լսել, չէ՞ մինչ օրս… բայց
հո գիտե՞ք, որ ներսում միշտ եղել է այդ/, սթա՛փ եղեք, իրար պահե՛ք, մենք բոլորս՝ մեծով-փոքրով,
ձեզ
հետ ենք, աղոթում ենք Ձեզ համար ու հպարտ ենք ձեզնով … Չմոռանաք մեր դասերը. այս երկրի ՏԵՐԸ ԴՈՒՔ ԵՔ ... Տիրոջ պես ծառայում եք, տիրոջ իրավունքով էլ վայելելու
եք … Լսու՞մ եք …
Ձեր՝ Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
Комментариев нет:
Отправить комментарий