среда, 11 ноября 2015 г.

Շարունակվում են Թիվ 1-ի բացօթյա դասերը՝«Սիրելու համար նախ ճանաչենք» խորագրով:
Կիրակի՝ 8 նոյեմբերի, մեծարանքի տուրք մատուցեցինք հայ դպրության և գրականության մեծերին, «հաղոդակից» դարձանք այն ամենին, ինչ ուսումնասիրում ենք հայ գրականության դասաժամերին: Նախ Օշականում էինք՝ ի խոնարհում Հայոց առաջին ուսուցչին, որտեղ մեկ անգամ ևս վերհիշեցինք մեծն Մաշտոցի անցած ճանապարհը, կարևորեցինք հայապահպան գործը, նրա շիրիմին՝ իբրև աղոթք, արտասանեցինք նրա իսկ քերթվածներից: Ապա ուղևորվեցինք մայրաքաղաք:
Երևանում Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի թանգարաններում, նորովի ճանաչեցինք հայ գրական մտքի առաջատար դեմքերին: Մտովի ճանապարհորդություն կատարեցինք ժամանակի մեջ և «վերապրեցինք» նրանց դարաշրջանը: Խորին ակնածանքով էինք նայում այն իրերին, որոնց երբեմնի հպվել են մտքի մեծերի ստեղծարար մատները, փորձում էինք երևակայությամբ վերստեղծել նրանց կյանքից դրվագներ, որին մղում էին արդեն ցուցանմուշ դարձած՝ միմյանց արված ընծաները: Նրանց ձեռագրերը մեր աչքերում հառնում էին որպես մասունքներ: Եվ մեր ակտիվ զրույցը թանգարանների ուղեկցորդուհիների հետ միտում ուներ իմանալու հնարավորինս ավելին:
Օրվա երկրորդ կեսին Կոմիտասի անվան Պանթեոնում էինք, որտեղ խոնարհվեցինք հայ արվեստի և գրականության հսկաների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցեցինք նրանց ստեղծագործություններից արտասանելով:
Օրը հագեցած էր անմոռաց տպավորություններով և զգացումներով: Արտադասարանական այսպիսի ուսուցումը մեզ հասկացնել տվեց, որ մինչ այժմ սովորելը մեզ համար աշակերտական պարտականություն էր, իսկ այսուհետ կլինի քաղաքացիական պարտավորություն՝ ի պահպանություն և փոխանցում մեր անկրկնելի մշակույթի:

Օշական

Օշական

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Հովհաննես Թումանյան տուն-թանգարան

Հովհաննես Թումանյան տուն-թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Եղիշե  Չարենցի տուն-թանգարան

Կոմիտասի պանթեոն

Կոմիտասի պանթեոն

Կոմիտասի պանթեոն

пятница, 6 ноября 2015 г.


Գյումրու թիվ 1 ավագ դպրոցն ուսումնական պրոցեսում կարևորում է ոչ միայն սովորողների մտավոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների զարգացումը, այլև հոգևոր ներդաշնակությունը:
Դպրոցում երբեք <<անգործ>> չի մնում <<Հարցեր քահանային>> արկղը, ուր հավաքվում են ամենատարբեր հարցեր` կապված Աստծո գոյության, հավատքի, չարի ու բարու, աստվածաշնչյան պատվիրանների, հոգևոր այլ արժեքների հետ: 
Յուրաքանչյուր ամիս` նախապես պայմանավորված օրը, Շիրակի թեմի սպասավոր տեր Փավստոս քահանան ծանոթանում է հարցերին, հանդիպում աշակերտների, մանկավարժների ու ծնողների հետ, պատասխանում ընտրված հարցերին:
Հերթական հանդիպումն այսօր էր: Այն անցավ հետաքրքիր քննարկումների բուռն մթնոլորտում:
Բավարարված էին երկուստեք: Ինչպես հավաստում են ներկաները, նման հանդիպումները արդյունավետ են և ուսանելի:






вторник, 3 ноября 2015 г.

ՈՒՐԻՇԻ ՎԻՇՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ


Խորին ցավով լսեցինք Եգիպտոս - Սանկտ Պետերբուրգ ուղևորվող  A321 ինքնաթիռի կործանման մասին:
Վիշտը համատարած էր,  որովհետև մարդ էր զոհվել, մարդիկ, որ ունեին երազանքներ, նպատակներ, ծրագրեր, կյանքի հետ կապված էին հազարավոր  թելերով և գնում էին դրանց հետևից ու դրանք իրագործելու: Ամեն ինչ մնաց կիսատ ... Խոր ակոս գծվեց նրանց հարազատների սրտերում...
Ցավակցում ենք մեր բարեկամ ռուս ժողովրդին, մեր աղոթքն ենք միացնում առ Աստված առաքված միասնական աղոթքին: Մեր վառած մոմերը Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ որպես լույս թող իջնեն զոհերի շիրիմներին:
<<Մենք` Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներս ու մանկավարժներս,  գիտենք` ուրիշի վիշտ չի լինում այս փոքր մոլորակի վրա: Սգում ենք զոհվածների մահը, կիսում նրանց հարազատների վիշտը>> - այսպիսի տողեր թողեցինք հյուպատոսարանի գրառումների մատյանում:
Խունկ ու աղոթք զոհվածների հիշատակին... 




ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ

Անգլերեն
1. Սարգսյան Անգելինա - 3-րդ կարգ
2. Գրիգորյան Անահիտ - 3-րդ կարգ
3. Մաղաքյան Սյուզաննա - գովասանագիր 
4. Թովմասյան Անահիտ - գովասանագիր
Քիմիա
1. Սարգսյան Անգելինա - 3-րդ կարգ
2. Մանուկյան Շուշաննա - գովասանագիր
3. Վարդանյան Գրիշա - գովասանագիր
4. Ջանոյան Հարություն - գովասանագիր
Կենսաբանություն
1. Սարգսյան Անգելինա - 3-րդ կարգ
2. Մանուկյան Շուշաննա - գովասանագիր
3. Մելքոնյան Սոնա - գովասանագիր
Աշխարհագրություն
1. Գևորգյան Գոհար - 2-րդ կարգ
2. Պետրոսյան Ռաֆայել - 3-րդ կարգ
Պատմություն
1. Խուրշուդյան Սերոբ - 3-րդ կարգ
2. Մինասյան Ծովինար - գովասանագիր
Հայոց լեզու
1. Սարգսյան Ֆլորա - 3-րդ կարգ





вторник, 27 октября 2015 г.

Շարունակվում են Թիվ 1-ի բացօթյա դասերը՝ <<Սիրելու համար նախ ճանաչենք>> խորագրով ։
Շաբաթ՝ 24 հոկտեմբերի, Ջաջուռում՝ Մինաս Ավետիսյանի թանգարանում էինք: Նոր աշխարհ էր բացվել աշակերտներիս համար՝ գույների ու ճակատագրի անսովոր հակադրամիասնությամբ: Մեծ նկարչի կյանքն ու ստեղծագործությունները հետաքրքրություն առաջացրին մեր մեջ, և հարցերը հաջորդեցին միմյանց, փորձեցինք նաև դատողություններ անել մի քանի գործերի շուրջ: Ապա այցելեցինք Հացիկ գյուղի «Ծակ քար» կոչվող պատմամշակութային հուշարձան, որի մոտ էլ իմացանք «ծակ քարերի» խորհուրդը, քարապաշտության և նրա դրսևորումների, ուխտատեղիներ այցելելու նպատակների և հավատալիքների մասին:
Շարունակում ենք ճանաչել մեր անզուգական բնաշխարհը։ Ճանաչել ու սիրել, սիրել անմնացորդ, սիրել այնպես ու այնքան, որ ոչ մի թիզ ու ոչ մի քայլ չընկրկենք։


Մինաս Ավետիսյան տուն-թանգարան

Մինաս Ավետիսյան տուն-թանգարան

Մինաս Ավետիսյան տուն-թանգարան

Հացիկ

воскресенье, 25 октября 2015 г.

ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ

Թիվ 1-ը հյուրընկալել էր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանին: Հանդիպմանը սրտի թրթիռով սպասող աշակերտական և մանկավարժական հանրույթի ակնկալիքները լիովին փոխհատուցվեցին: Ստեղծված ջերմ և բարեկամական մթնոլորտում գրականագետը ներկայացրեց ծանոթ և անծանոթ Չարենցին: 
Ունկնդիրների տեսիլապատկերում անցյալ հարյուրամյակի առաջին տասնամյակներն էին, դարասկզբի պատմական իրադարձությունները, և դահլիճը Չարենցի հետ քայլ առ քայլ անցնում էր նրա կյանքի ուղիով:Աստիճանաբար հառնում էր պոետի հերոսական կերպարը՝ վաղ մանկությունից մինչ ողբերգական վախճանը, դասագրքային կաղապարումից վարագուրազերծված ու մարդեղենացված Չարենցը՝ քայլքը սիրո, երբեմն մոլորության, բայց միշտ հայրենանվիրումի, մաքառումի ճամփաներին: Դարաշրջանի պատմական, հոգեբարոյական համայնապատկերում գրողի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող գրականագետի խոսքը ոչ միայն վերլուծական էր, այլև յուրաքանչյուր բառը վարակող սեր էր կշռում առ նահատակ հանճարը:
Լսումները միջարկվեցին չարենցյան ընթերցումներով, երգեցողությամբ: Լսարանի հնչեցրած հարցումներին գրաքննադատի տված պատասխանները պակաս ուսանելի չէին: Հանդիպումը յուրօրինակ դաս էր, հայրենասիրության դաս՝ մշակույթի, գրականության արժևորման, գրողին և նրա ստեղծագործությունը համակողմանի ճանաչելու և ճշգրիտ գնահատելու, հայ ոգին պահելու, հայրենի երկրին ծառայելու դաս:








среда, 21 октября 2015 г.

ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ
Վարպետության հերթական դասը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի կունենա 23․10․2015թ․-ին։ Գրականության դասը կվարի հայ գրականագետ, գնաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2007թ․ ՀՀ Մշակույթի նախարարության և Կրթության գիտության նախարարության Ոսկե մեդալակիր,
Մովսես Խորենացու մեդալակիր Դավիթ Գասպարյանը։
Թեման՝ <<Անծանոթ Չանեցը>>։
Սկիզբը՝ 11։30-ին։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։
Խորհուրդ ենք տալիս բաց չթողնել հրաշալի առիթը՝ շփվելու մեծերի հետ։