пятница, 20 ноября 2015 г.


Մաթեմատիկան գեղեցիկի նույնպիսի արարում է, ինչպիսին գեղանկարչի կամ բանաստեղծի ստեղծագործությունը:
                                                                                                                                        /Գ. Հարդի/

<<ՆՈՅԵՄԲԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՇՆՉՈՎ>> առարկայական միամսյակի շրջանակներում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ և համագործակցային ուսուցմամբ տեղի ունեցավ մաթեմատիկական մրցույթ <<Տղաներ>> և <<Աղջիկներ>> թիմերի միջև, որին մասնակցում էին VI և VII դասարանների աշակերտները:
Մրցույթի նպատակն էր ճանաչել մաթեմատիկան` որպես մշակույթի կարևոր մաս, սովորողների մոտ զարգացնել միմյանց օգնելու հմտություն և համագործակցելու կարողություն, ունենալ վստահություն սեփական գիտելիքների նկատմամբ, ձգտել լինել իմացության կրողն ու տարածողը:
Տարբեր տրամաբանական խնդիրները, գլուխկոտրուկները, շուտ կողմնորոշվելու ունակություններ պահանջող վարժությունները, ծրագրային նյութեր պարունակող առաջադրանքները բաժանված էին փուլերի և առաջակվում էին մասնակիցներին մրցավարի կողմից: Մրցույթն անցավ հետաքրքիր և լարված պայքարում: Արդյունքում մրցույթի հաղթող ճանաչվեց <<Տղաներ >> թիմը և պարգևատրվեց շնորհակալագրով:
Շարունակվում են մաթեմատիկական մրցույթները, բաց դասերը, դասալսումները միամսյակի շրջանակներում:















четверг, 19 ноября 2015 г.

Շարունակվում են մասնագիտական կողմնորոշման դասերը:


Նոյեմբերի 17-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի սաները մասնագիտական կողմնորոշման հերթական դասն անցկացրեցին Հայկական Զարգացման բանկի Գյումրու մասնաճյուղում:  Այցի նպատակն էր առավել շոշափելի ներկայացնել տնտեսագիտության ոլորտը, բանկային գործը, տնտեսագետի մասնագիտությունը:

Բարեհամբույր  ու բանիմաց աշխատակիցների շնորհիվ աշակերտները ծանոթացան բոլոր բաժինների աշխատանքներին, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, և նրանց միջև ձևավորվեց գործնական բարեկամություն: Վերջում աշակերտները շնորհակալություն հայտնեցին բանկի աշխատակիցներին և հեռացան` նորից հանդիպելու ակնկալիքով:



среда, 18 ноября 2015 г.

Մենք վստահ ենք, որ աշխարհը փրկելու ամենահզոր գործոնը բարությունն է:

Ողջույն: Մենք Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ ենք: Այս գեղեցկուհին մեր դասարանի Աննան է: Նա բոլորիս նման ապրում է իր երազանքների ու հեքիաթների աշխարհում, կյանքով լի է և ապրում է ՝ ականջ դնելով իր ներքին ռիթմին, իր ներսում հնչող  երաժշտությանը, հոգու ձայնին:  Ըն-դա-մե-նը… Կյանքի և աշխարհի իրական ձայները Աննային չեն հասնում. նա... զրկված է լսողությունից: Նրա լսողությունը կրկին վերականգնելու համար անհրաժեշտ է վիրահատություն, ինչի համար Աննայի ընտանիքը միջոցներ չունի:
Մենք երազում ենք, որ մի օր կկատարվի Աննայի երազանքը. նա կսկսի լսել, ընկալել հնչյուններ, և արդեն 12-րդ դասարանում կպտտվի իր դպրոցական վալսի երաժշտության ներքո ՝ ոչ թե ականջ դնելով իր ներքին լսողությանը , այլ լսելով երաժշտության իրական բարձր ու հնչեղ ակկորդները :
Մենք վստահ ենք, որ աշխարհը փրկելու ամենահզոր գործոնը բարությունն է:
Դիմում ենք ձեզ, բարի մարդիկ, օգնեք Աննային:
Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրու մասնաճյուղում բացվել է հետևյալ հաշվեհամարը ՀՀ դրամ 2050155402847001





понедельник, 16 ноября 2015 г.

«Սիրելու համար նախ ճանաչենք»

Շարունակվում են Թիվ 1-ի բացօթյա դասերը՝«Սիրելու համար նախ ճանաչենք» խորագրով:
Կիրակի՝ 14 նոյեմբերի, մեզ համար «դասասենյակներ» դարձան Շիրակի և Արագածոտնի մարզերի մի քանի պատմամշակութային հուշարձանները: Մեր աչքերի առջև վեր էին խոյանում Երերույքի, Թալինի Ս. Կաթողիկե թեկուզ կիսավեր, բայց հոյակերտ եկեղեցիները, Մաստարայի Ս. Հովհաննես-Մկրտիչ և Ս. Ստեփանոս Նախավկա, Սառնաղբյուրի Ս. Թադևոս վանքերը: Խիստ տպավորիչ էին այդ սքանչելի կոթողներից յուրաքանչյուրը՝ իրենց ճարտարապետական լուծումներով: Իհարկե, մենք միմյանց փոխանցում էինք մեր տեսական գիտելիքները այդ եկեղեցիների մասին, բայց այն, ինչ նրանցից ենք սովորում, անփոխարինելի է: Անգամ խոնարհված, բայց Երերույքի տաճարը մնում է վեհաշեն ու վեհացնող, Ս. Կաթողիկեն՝ զարմացնող ու զմայլեցնող իր անմեկին խոնարհ շքեղությամբ: Փորձում էինք թափանցել միջնադարյան վարպետ-ճարտարապետների խորախորհուրդ գաղտնարանները, բայց նրանք լուռ էին: Մաստարայի Ս. Ստեփանոս Նախավկա մատուռի բարձունքից հայրենի հողն էր մեզ ժպտում ուշաշնանային խաղաղ գեղեցկությամբ: Օրվա վերջին հաճելի զգացումները լրում ապրեցին մեր դասընկերներից երկուսի երգեցողությամբ. Ս. Թադևոս եկեղեցու գմբեթի ներքո արձագանքվող ախորժալուր տաղերն ու շարականները մեր ակնածանքը բարուրեցին հոգեպարար անդորրությամբ:
Իսկ զգացումների ու տպավորությունների գագաթնակետը Դաշտադեմի ամրոցում էր: Ներշնչող չափերի կարմրագույն հպարտ կառույցն իսկապես հոգու թրթիռ է առաջացնում: Աշտարակի բարձունքից դիմացդ փռված համայնապատկերն այնպես է ոգեշնչում, որ կարող է դուրս հորդել միմիայն ազգային երգ ու պարով, ինչն էլ, իհարկե, չուշացրինք: Մենք՝ Շիրակ աշխարի զավակներս, Կամսարականների արյան կանչն էինք զգում մեր յուրաքանչյուր պարաքայլի մեջ:
Ամենը, որ վերցրինք մեզ հետ հայրենի երկրի գրկում անցկացրած այս դասից ևս, կմնա մեր հոգու անկորնչելի հարստությունը:

Երերույքի տաճար

Երերույքի տաճարում
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի

Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի

Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի

Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոցի մատուռում

Մաստարայի Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում

Մաստարայի Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում

Մաստարայի Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում


среда, 11 ноября 2015 г.

Շարունակվում են Թիվ 1-ի բացօթյա դասերը՝«Սիրելու համար նախ ճանաչենք» խորագրով:
Կիրակի՝ 8 նոյեմբերի, մեծարանքի տուրք մատուցեցինք հայ դպրության և գրականության մեծերին, «հաղոդակից» դարձանք այն ամենին, ինչ ուսումնասիրում ենք հայ գրականության դասաժամերին: Նախ Օշականում էինք՝ ի խոնարհում Հայոց առաջին ուսուցչին, որտեղ մեկ անգամ ևս վերհիշեցինք մեծն Մաշտոցի անցած ճանապարհը, կարևորեցինք հայապահպան գործը, նրա շիրիմին՝ իբրև աղոթք, արտասանեցինք նրա իսկ քերթվածներից: Ապա ուղևորվեցինք մայրաքաղաք:
Երևանում Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի թանգարաններում, նորովի ճանաչեցինք հայ գրական մտքի առաջատար դեմքերին: Մտովի ճանապարհորդություն կատարեցինք ժամանակի մեջ և «վերապրեցինք» նրանց դարաշրջանը: Խորին ակնածանքով էինք նայում այն իրերին, որոնց երբեմնի հպվել են մտքի մեծերի ստեղծարար մատները, փորձում էինք երևակայությամբ վերստեղծել նրանց կյանքից դրվագներ, որին մղում էին արդեն ցուցանմուշ դարձած՝ միմյանց արված ընծաները: Նրանց ձեռագրերը մեր աչքերում հառնում էին որպես մասունքներ: Եվ մեր ակտիվ զրույցը թանգարանների ուղեկցորդուհիների հետ միտում ուներ իմանալու հնարավորինս ավելին:
Օրվա երկրորդ կեսին Կոմիտասի անվան Պանթեոնում էինք, որտեղ խոնարհվեցինք հայ արվեստի և գրականության հսկաների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցեցինք նրանց ստեղծագործություններից արտասանելով:
Օրը հագեցած էր անմոռաց տպավորություններով և զգացումներով: Արտադասարանական այսպիսի ուսուցումը մեզ հասկացնել տվեց, որ մինչ այժմ սովորելը մեզ համար աշակերտական պարտականություն էր, իսկ այսուհետ կլինի քաղաքացիական պարտավորություն՝ ի պահպանություն և փոխանցում մեր անկրկնելի մշակույթի:

Օշական

Օշական

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Հովհաննես Թումանյան տուն-թանգարան

Հովհաննես Թումանյան տուն-թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Եղիշե  Չարենցի տուն-թանգարան

Կոմիտասի պանթեոն

Կոմիտասի պանթեոն

Կոմիտասի պանթեոն

пятница, 6 ноября 2015 г.


Գյումրու թիվ 1 ավագ դպրոցն ուսումնական պրոցեսում կարևորում է ոչ միայն սովորողների մտավոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների զարգացումը, այլև հոգևոր ներդաշնակությունը:
Դպրոցում երբեք <<անգործ>> չի մնում <<Հարցեր քահանային>> արկղը, ուր հավաքվում են ամենատարբեր հարցեր` կապված Աստծո գոյության, հավատքի, չարի ու բարու, աստվածաշնչյան պատվիրանների, հոգևոր այլ արժեքների հետ: 
Յուրաքանչյուր ամիս` նախապես պայմանավորված օրը, Շիրակի թեմի սպասավոր տեր Փավստոս քահանան ծանոթանում է հարցերին, հանդիպում աշակերտների, մանկավարժների ու ծնողների հետ, պատասխանում ընտրված հարցերին:
Հերթական հանդիպումն այսօր էր: Այն անցավ հետաքրքիր քննարկումների բուռն մթնոլորտում:
Բավարարված էին երկուստեք: Ինչպես հավաստում են ներկաները, նման հանդիպումները արդյունավետ են և ուսանելի:






вторник, 3 ноября 2015 г.

ՈՒՐԻՇԻ ՎԻՇՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ


Խորին ցավով լսեցինք Եգիպտոս - Սանկտ Պետերբուրգ ուղևորվող  A321 ինքնաթիռի կործանման մասին:
Վիշտը համատարած էր,  որովհետև մարդ էր զոհվել, մարդիկ, որ ունեին երազանքներ, նպատակներ, ծրագրեր, կյանքի հետ կապված էին հազարավոր  թելերով և գնում էին դրանց հետևից ու դրանք իրագործելու: Ամեն ինչ մնաց կիսատ ... Խոր ակոս գծվեց նրանց հարազատների սրտերում...
Ցավակցում ենք մեր բարեկամ ռուս ժողովրդին, մեր աղոթքն ենք միացնում առ Աստված առաքված միասնական աղոթքին: Մեր վառած մոմերը Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ որպես լույս թող իջնեն զոհերի շիրիմներին:
<<Մենք` Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներս ու մանկավարժներս,  գիտենք` ուրիշի վիշտ չի լինում այս փոքր մոլորակի վրա: Սգում ենք զոհվածների մահը, կիսում նրանց հարազատների վիշտը>> - այսպիսի տողեր թողեցինք հյուպատոսարանի գրառումների մատյանում:
Խունկ ու աղոթք զոհվածների հիշատակին...