понедельник, 29 февраля 2016 г.

Մեր աշակերտները բաց դաս անցկացրին Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանում, որտեղ նրանք ներկայացրին հայդուկների (Անդրանիկ, Աղբյուր Սերոբ, Մախլուտո, Սևքարեցի Սաքո, Գարեգին Նժդեհ) կյանքը և գործունեությունը: Թիվ 1-ի աշակերտները փայլեցին իրենց գիտելիքներով և նվեր ստացան գրքեր թանգարանի աշխատակիցների կողմից։ Վստահ ենք, որ դաստիարակվելով Գևորգ Չաուշի, Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Հրայրի ու Սոսեի դյուցազնական ոգով, այս աշակերտներն են կերտելու մեր երկրի ապագան:







Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները նվաճելով <<Հայ ասպետ>> գավաթը՝ կրկին տոնում են իրենց ինտելեկտուալ հաղթանակը: Նրանք ամեն ինչ արեցին հանուն մեկ նպատակի՝ հաղթանակի՝ որդեգրելով հիմնավոր գիտելիքներ ստանալու վճռականությունը:




четверг, 25 февраля 2016 г.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը 2015-2016 ուստարում մշակեց ուսուցման այլընտրանքային մեթոդ. հայոց լեզվի և գրականության ծրագրային թեմաներին զուգընթաց էքսկուրսիաներ կազմակերպել՝ անցկացնելով բացօթյա դասեր՝ հայկական մշակութային ժառագությունն աշակերտին ճանաչելի դարձնելու ոչ միայն դասագրքային ուսուցմամբ, այլև արժևորելու համար տեսնել, զգալ, հասկանալ ուղիով: Ուստարվա աշնանային կիսամյակի ընթացքում անցկացվել է 6 բացօթյա դաս՝ էքսկուրսաներ կատարելով Հայաստանի 3՝ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Այցելություններ և դաս-քննարկումներ են անցկացվել 7 թանգարաններում (Երևանում՝ Ավ. Իսահակյանի, Հ. Թումանյանի, Ե. Չարենցի, Վանաձորում՝ Ստ. Զորյանի, Աշտարակում՝ Պ. Պռոշյանի, Ջաջուռում՝ Մինաս Ավետիսյանի թանգարաններում, Մատենադարանում), 16 եկեղեցիներում (Արթիկում՝ Հառիճի վանք, Լմբատավանք, Ս. Աստվածածին եկեղեցի, Լոռիում՝ Հնեվանք, Օշականի Մեսրոպ Մաշտոցի վանք, Անիպեմզայի Երերույքի տաճար, Թալինի Ս. Կաթողիկե, Մաստարայի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Ստեփանոս Նախավկա, Աշտարակի Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր, Ս. Մարիանե, Սառնաղբյուրի Ս. Թադևոս եկեղեցիներ և Զաղլե սրբավայր), Լոռի բերդում և Դաշտադեմի ամրոցում, Կոմիտասի անվան Պանթեոնում, Ծիծեռնակաբերդում, Ստեփանավանի Դենդրոպարկում, Հացիկի «Ծակ քար»-ում:
Դեկտեմբերի 25-ին կայացավ բաց դաս-հաշվետվություն, որին ներկա էին մանկավարժներ, դպրոցականներ, ծնողներ: Դասը վարում էին իրենք՝ էքսկուրսիաների մասնակից աշակերտները՝ ներկայացնելով բացօթյա դասերի ընթացքում սովորածը: Ակտիվ քննարկման ընթացքում նրանք ունկնդիրներին փոխանցեցին իրենց տպավորությունները, զգացումները՝ մասնավորապես ընդգծելով վերջինների կարևոր նշանակությունը հայրենի բնաշխարհի և պատմամշակութային ժառանգության արժևորման ու պահպանության հարցում: Նոր գիտելիքների մատուցման բավականին հետաքրքիր ձև էր մշակված՝ լսարանին ուղղված հարցադրումների միջոցով ունկնդիրներին դասի ուղղակի մասնակիցը դարձնելով: Աշակերտների խոսքն ուղեկցվում էր մեծ էկրանին նրանց կողմից կատարված լուսանկարների, տեսագրությունների ցուցադրումով, որոնց միջոցով պատկերվում էին այցելությունների, բացօթյա դասերի ընթացքը, ինչպես նաև ինքնաբուխ կատարված երգ-պարերը և արտասանությունները:
Դպրոցականները լիահույս էին, որ բացօրյա դասերը կլինեն շարունակական, իսկ ծնողներն իրենց պատասխան խոսքում արտահայտեցին էքսկուրսիաներին ներգրավվելու պատրաստակամությունը՝ երախտագիտության խոսք հնչեցնելով կրթօջախի կազմակերպված կրթադաստիարակչական աշխատանքների համար: