среда, 23 декабря 2015 г.

Թիվ 1 ավագ դպրոցում, չնայած տոնական տրամադրությանը, շարունակվում են նորմալ դասապրոցեսն ու բաց դասերը․․․
Այսօր 7-րդ դասարանում տեղի ունեցավ համակցված բաց դաս աշխարհագրությունից և ինֆորմատիկայից՝ <<Բնական ռեսուրսներ>> թեմայով։ Աշակերտները իրենց պատրաստած հետաքրքիր սլայդ-շոուների միջոցով ներկայացրին բնական ռեսուրսների տեսակներն ըստ սպառման, ինչպես նաև, թե ինչպես է մարդը վերաբերվում դրանց, անխնա օգտագործում ու սպառում։ Դասի վերջում ինտերակտիվ մեթոդի միջոցով ներկաները ներգրավվեցին <<Վերականգնվող և չվերականգնվող ռեսուրսներ>> խաղում, որի ընթացքում նրանք մարդկային ռեսուրսներ էին, իսկ կոնֆետները՝ բնական վերականգնվող ռեսուրսներ։ Խաղի նպատակն էր՝ ռեսուրսների նկատմամբ խնայողաբար վերաբերմունք դրսևորել և հոգ տանել ապագա սերունդներին բնական ռեսուրսներով ապահովելու մասին։ Դասը շատ ուսանելի էր և այսօրվա բնապահպանական հիմնախնդիրների առումով՝ արդիական





среда, 16 декабря 2015 г.

Գիտելիքը զրահ է բոլոր դժբախտությունների դեմ:
Ժամանակն է, որ մենք կերտենք մեր մտքի ուղին, քանի որ մենք ենք ճարտարապետը մեր մտքի ու մտածողության:
Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներն այս խոսքերով սկսեցին <<Գանձերի կղզի>> խորագիրը կրող վիկտորինան: Թիմերը <<Պիլիգրիմ>>, <<Վիկտորիա>> և <<Կիլիկիա>>  նավերով  նավարկեցին դեպի Գանձերի կղզի: Նավարկելով  գիտելիքի ալեկոծ ծովում և անցնելով հարցերի երկար ու հուժկու ալիքների միջով՝  փորձեցին նվաճել գիտելիքի կղզին











вторник, 1 декабря 2015 г.

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օրն է

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օրն է: Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի X դասարանի աշակերտների նախաձեռնությամբ անցկացվեց հարցում X-XII դասարանների աշակերտների շրջանում: Հարցաթերթիկների լրացման միջոցով ստուգվեց սովորողների տեղեկացվությունը ՄԻԱՎ վիրուսի և ՁԻԱՀ հիվանդության մասին: Տասներորդցիները պատասխանեցին դպրոցական ընկերների հարցերին: Խոսեցին հիվանդության տարածման աղբյուրի, կանխարգելման, հետազոտությունների մասին:
Նույն օրը դպրոցում XI դասարանցիները անցկացրին սեմինար-պարապմունք <<Ծխախոտի ազդեցությունը օրգանիզմի վրա>> թեմայով: Աշակերտները հիմնականում խոսեցին ծխելու վնասակարության մասին: Ցուցադրվեցին տեսանյութեր, բերվեցին փաստեր, խոսվեց ծխախոտի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական ազդեցությունների, քաղցկեղածին տարրերի և մուտացիոն գործոնների մասին: Նյութը հետաքրքիր ու բովանդակալից էր, նաև ուսուցողական:





четверг, 26 ноября 2015 г.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում են <<ՆՈՅԵՄԲԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՇՆՉՈՎ>> խորագրով բաց դասերը: 
Այս դասն իր կառուցվածքով մի փոքր անսովոր է: Անսովոր է, իհարկե, ավանդական ուսուցման տեսակետից: Խոսքն այն մասին է, որ աշակերտները սեփական գիտելիքներն ու հմտությունները ներդնելով, համագործակցելով միմյանց և ուսուցիչների հետ, պատրաստել են մեր այսօրվա դասը: Պարզաբանենք` նախօրոք բոլոր դասարաններում եղել էր հանձնարարություն` պատրաստել մաթեմատիկական սլայդներ մինչև այդ պահը ուսումնասիրած թեմաներից: Հավելենք, որ աշխատանքը կատարվել է դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչուհու` Արմինե Մարտիրոսյանի օգնությամբ ու ցուցումով:
Այժմ յուրաքանչյուր աշակերտ կներկայացնի իր պատրաստած սլայդը և եթե այն հաջողված լինի, կօգտագործի մաթեմատիկայի դասերին` թեման առավել տեսանելի ու առարկայական դարձնելու նպատակով: Դե իսկ լավագույն 3 աշխատանքները կառանձնացվեն և կպարգևատրվեն պատվոգրերով:
Եվ այսպես` բաց դասն ունի հետևյալ նպատակները`
1. բարձրացնել սովորողների հետաքրքրությունը «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարակաների նկատմամբ:
2. զարգացնել համագործակցային հմտությունները,
3. ընդլայնել կապը «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների միջև:
4. զարգացնել աշակերտների մաթեմատիկական խոսքը:
5. սերմանել երեխաների` մեջ միմյանց օգնելու ցանկություն և ձգտում:
Լիահույս ենք, որ դասը կծառայի իր նպատակին:










Այսօր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում անցկացվեց <<Հայկական Կարիտաս>>-ի կողմից կազմակերպված սեմինար` <<Անօրինական միգրացիա և թրաֆիքինգ>> թեմայով: Սեմինարավար Կարեն Տերտերյանը խոսեց աշխարհում գոյություն ունեցող ևս մեկ չարիքի` ժամանակակից ստրկության և միգրացիայի մասին, դրանց դեմ կանխարգելման միջոցների, դրանց պատճառների ու արտահայտման ձևերի մասին: Աշակերտները խնդիրների միջոցով փորձեցին լուծումներ գտնել և միջոցներ ձեռնարկել խուսափելու այդ երևույթից: Ցուցադրվեց ֆիլմ, որն աշակերտների մեջ առաջացրեց հետաքրքրություն, տեղի ունեցավ ակտիվ քննարկում և աշակերտները հույս հայտնեցին, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի տուժածները կարողանան վերնագրել իրենց տեղը հասարակության մեջ:






вторник, 24 ноября 2015 г.

«Սիրելու համար նախ ճանաչենք»

Շաբաթ՝ 21 նոյեմբերի, մեր բացօթյա դասերի ուղեգիծն անցավ Աշտարակ և Երևան քաղաքներով: 
Մեզ համար անծանոթ աշխարհ էր բացվել Աշտարակում: Մեր այցելությունը սկսվեց Ս. Աստվածածին անունը կրող Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր «քույր» եկեղեցիներից, որոնցից միայն առաջինն է այժմ գործում: Չափազանց հետաքրքիր էր լսել այդ երեք եկեղեցիների կառուցման մասին ավանդազրույցը: Ավելի հետաքրքիր էր լինել հավատի այդ տներում, զգալ թեկուզև կիսավեր, բայց բարձունքին թառած վանքերի շունչը, կանգնել նրանց կողքին ու զմայլվել ցածում փռված կիրճի գեղեցկությամբ, բարձրից նայել Աշտարակի հայտնի կամրջին ու հենց այդտեղ էլ լսել նրա կառուցման մասին ավանդազրույցը: Եվս մի զրույց իմացանք Սբ. Մարինե վանքում՝ նրա իսկ կառուցման վերաբերյալ: Խոնարհվեցինք բանաստեղծ Գևորգ Էմինի շիրիմին, ապա այցելեցինք նշանավոր աշտարակցու՝ Պերճ Պռոշյանի թանգարան: Թանգարան կատարած այցը ոչ միայն հարստացրեց մեզ գրողի մասին գիտելիքներով, այլև ցուցադրվող նմուշների բազմազանության արդյունքում հստակ գաղափար կազմեցինք հայ ժողովրդի կենցաղավարության մասին:
Մայրաքաղաքում սպասվում էր տպավորությունների ու զգացողությունների նոր հորդում: Մատենադարում խոր հպարտություն էինք ապրում մեր ազգային հարստությունը տեսնելով, առավելապես այն գիտակցումից, որ աշխարհում գոյություն ունեցող 3 գրքերից մեկը պահվում է մեր հայրենիքում, որ սեփական կյանքը վտանգելով՝ եղեռնապուրծ մեր արիասիրտ կանայք անգամ շալակով Ավետարաններ են փրկել ու տեղափոխել կորսված հայրենքից փրկված հայրենիք: Իսկ Եղեռնի անմեղ զոհերին մեր հարգանքի տուրքը մատուցելու համար Մատենադարանից ուղղություն վերցրինք դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ մեր ընկերներից մեկը նրանց հավերժումը հիշատակեց երգեցողությամբ:
Գյումրի ետդարձը լեցուն էր բուռն զգացողությունների ու նորիմացությունների փոխանցումներով: Ի մի բերելով մեր տպավորությունները՝ հասկացանք, որ մեծ հպարտություն ենք զգում Հայաստան աշխարհում ապրելով, որովհետև մենք հարուստ ենք մեր ոգին պահած մշակույթով:

Աշտարակի Կարմրավոր եկեղեցի

Աշտարակի Սպիտակավոր եկեղեցի

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի

Ծիրանավոր եկեղեցու կողքին /հետին պլանում Ս. Սարգիս եկեղեցու մատուռն է/

Աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցու դիմաց

Աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցու դիմաց

Պ. Պռոշյանի թանգարան

Պ. Պռոշյանի թանգարան

Մատենադարան

Մատենադարան

Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ