вторник, 27 октября 2015 г.

Շարունակվում են Թիվ 1-ի բացօթյա դասերը՝ <<Սիրելու համար նախ ճանաչենք>> խորագրով ։
Շաբաթ՝ 24 հոկտեմբերի, Ջաջուռում՝ Մինաս Ավետիսյանի թանգարանում էինք: Նոր աշխարհ էր բացվել աշակերտներիս համար՝ գույների ու ճակատագրի անսովոր հակադրամիասնությամբ: Մեծ նկարչի կյանքն ու ստեղծագործությունները հետաքրքրություն առաջացրին մեր մեջ, և հարցերը հաջորդեցին միմյանց, փորձեցինք նաև դատողություններ անել մի քանի գործերի շուրջ: Ապա այցելեցինք Հացիկ գյուղի «Ծակ քար» կոչվող պատմամշակութային հուշարձան, որի մոտ էլ իմացանք «ծակ քարերի» խորհուրդը, քարապաշտության և նրա դրսևորումների, ուխտատեղիներ այցելելու նպատակների և հավատալիքների մասին:
Շարունակում ենք ճանաչել մեր անզուգական բնաշխարհը։ Ճանաչել ու սիրել, սիրել անմնացորդ, սիրել այնպես ու այնքան, որ ոչ մի թիզ ու ոչ մի քայլ չընկրկենք։


Մինաս Ավետիսյան տուն-թանգարան

Մինաս Ավետիսյան տուն-թանգարան

Մինաս Ավետիսյան տուն-թանգարան

Հացիկ

воскресенье, 25 октября 2015 г.

ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ

Թիվ 1-ը հյուրընկալել էր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանին: Հանդիպմանը սրտի թրթիռով սպասող աշակերտական և մանկավարժական հանրույթի ակնկալիքները լիովին փոխհատուցվեցին: Ստեղծված ջերմ և բարեկամական մթնոլորտում գրականագետը ներկայացրեց ծանոթ և անծանոթ Չարենցին: 
Ունկնդիրների տեսիլապատկերում անցյալ հարյուրամյակի առաջին տասնամյակներն էին, դարասկզբի պատմական իրադարձությունները, և դահլիճը Չարենցի հետ քայլ առ քայլ անցնում էր նրա կյանքի ուղիով:Աստիճանաբար հառնում էր պոետի հերոսական կերպարը՝ վաղ մանկությունից մինչ ողբերգական վախճանը, դասագրքային կաղապարումից վարագուրազերծված ու մարդեղենացված Չարենցը՝ քայլքը սիրո, երբեմն մոլորության, բայց միշտ հայրենանվիրումի, մաքառումի ճամփաներին: Դարաշրջանի պատմական, հոգեբարոյական համայնապատկերում գրողի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող գրականագետի խոսքը ոչ միայն վերլուծական էր, այլև յուրաքանչյուր բառը վարակող սեր էր կշռում առ նահատակ հանճարը:
Լսումները միջարկվեցին չարենցյան ընթերցումներով, երգեցողությամբ: Լսարանի հնչեցրած հարցումներին գրաքննադատի տված պատասխանները պակաս ուսանելի չէին: Հանդիպումը յուրօրինակ դաս էր, հայրենասիրության դաս՝ մշակույթի, գրականության արժևորման, գրողին և նրա ստեղծագործությունը համակողմանի ճանաչելու և ճշգրիտ գնահատելու, հայ ոգին պահելու, հայրենի երկրին ծառայելու դաս:








среда, 21 октября 2015 г.

ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ
Վարպետության հերթական դասը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի կունենա 23․10․2015թ․-ին։ Գրականության դասը կվարի հայ գրականագետ, գնաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2007թ․ ՀՀ Մշակույթի նախարարության և Կրթության գիտության նախարարության Ոսկե մեդալակիր,
Մովսես Խորենացու մեդալակիր Դավիթ Գասպարյանը։
Թեման՝ <<Անծանոթ Չանեցը>>։
Սկիզբը՝ 11։30-ին։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։
Խորհուրդ ենք տալիս բաց չթողնել հրաշալի առիթը՝ շփվելու մեծերի հետ։
Շարունակվում են Թիվ 1-ի բացօթյա դասերը՝ <<Սիրելու համար նախ ճանաչենք>> խորագրով ։
Տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ բացօթյա դասը այս անգամ Լոռու մարզում էր: Վանաձորի՝ Ստ. Զորյանի տուն-թանգարանում աշխույժ հարցազրույց ծավալվեց երեխաների և էքսկուրսավարի միջև, որի արդյունքում սովորողներն ավելացրին իրենց գիտելիքները Ս. Զորյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ: Ապա Լոռու բերդում ստեղծվեց միջառարկայական կապ գրականության և պատմության միջև, երբ բերդի ստեղծման պատմությունը ներկայացնելիս հիշվեց Դավիթ Անհողինը: Ուշագրավ էին աշակերտների դատողությունները բերդի, եկեղեցու կառուցվածքի վերաբերյալ, հետաքրքրվածությունը տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսական աշխարհի նկատմամբ՝ հանպատրաստից կապ ստեղծելով նաև աշխարհագրություն և կենսաբանություն առարկաների միջև: Խիստ տպավորիչ էր Հնեվանքը նաև տեղանքի փոքր-ինչ դժվարամատչելիությամբ, որը մասնակիցները հաղթահարեցին խանդավառությամբ և նույն ոգևորությամբ էլ միմյանց հաղորդեցին վանքի մասին իրենց տեղեկությունները: Էքսկուրսիան ավարտվեց Ստեփանավանի Դենդրոպարկում, որտեղ ծառերի մոտ կանգ առնելով և ընթերցելով՝ համադրում էին իրենց գիտելիքները կենսաբանությունից:Ուրախությամբ ենք նշում, որ երեխաները գնահատում էին ոչ միայն ձեռակերտ հուշարձանները, այլև բնության հրաշալիքները: Նրանց ուշադրությունը գրավում էին և՛ աշնանային մոգական գուներանգները, և՛ գետակներն՝ իրենց ոլորահոս հունով, և՛ վեր հառնող ժայռերի քարակերտվածքը: Իսկ Լոռու բերդում հայրենազգացողության բուռն ոգեշնչումից ինքնաբուխ թափ առան ազգագրական պարերն ու հայրենասիրական երգերը: Ի պատիվ աշակերտների՝ հավելենք, որ իբրև հանրագումար՝ տունդարձի ճանապարհին նշեցին, որ տեսածն ու զգացածը ոչ միայն ամբարվում են իբրև անկողոպտելի հարստություն, այլև այսօրինակ համակցված բացօթյա դասերը գրավականն են հայրենի աշխարհի ճանաչման և ակունքը՝ այն իրապես սիրելու, պահպանելու և այնտեղից երբեք չհեռանալու։
Լոռու բերդ

Լոռու բերդ

Ստեփան Զորյանի տուն-թանգարան

Ստեփան Զորյանի տուն-թանգարան

Ստեփան Զորյանի տուն-թանգարան

Հնեվանք

Հնեվանք

Դենդրոպարկ

среда, 14 октября 2015 г.

Հայրենաճանաչության դաս բնության գրկում

Կիրակի՝ 11 հոկտեմբերի, 2015թ., կայացավ հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման նախապես ծրագրված <<Մեր մշակութային ժառանգությունը>> հայրենաճանաչման ծրագրի առաջին բացօթյա դասը՝ ճանաչողական ուսուցողական էքսկուրսիան դեպի Արթիկ։ Էքսկուրսիայի նպատակն էր տեսնել Հառիճի վանքը՝ որպես ճարտարապետական կոթող, ծանոթանալ նրա պատմությանը, այն միջավայրին, որը՝ որպես կրթական հաստատություն, առաջին հոգևոր սնարանն է դարձել Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի համար, և այսօր էլ շարունակում է կրթական գործունեությունը՝ պատրաստելով հոգևոր առաջնորդներ։ Եկեղեցի-դպրատանը հանդիպումը ճեմարանականների հետ ուսուցողական էր․ աշակերտները ներկայացրին վանքի մասին իրենց նախնական իմացությունը, ապա ճեմարանական-ուղեցույցը, ցույց տալով եկեղեցու յուրաքանչյուր հատվածը, ներկայացրեց ուշագրավ մանրամասներ նրա ավանդազրույցներից, պատմությունից, մատենագրությունից, ինչպես նաև կրոնապաշտամունքային ծեսերից՝ մոմավառության խորհուրդը։ Ամբողջացնելու համար Արթիկ կատարած մեր շրջայցը՝ այցելեցինք ևս երկու պատմամշակութային կոթողներ՝ Լմբատավանք և Սուրբ Աստվածածին խոնարհված վանքը /V դար/։ Լմբատավանքում աշակերտները ներկայացրին տեղեկություններ վանքի մասին, ինչպես և Հառիճի վանքում մատուցեցին պատշաճ խոնարհումը հավատքի տանը։ 
Ս․ Աստվածածին վանքում ուսուցչուհին փոխանցեց որոշակի տեղեկություններ վանքի կառուցման դարաշրջանի և վանական համալիրի կառուցվածքի մասին։

Արթիկի Սուրբ Աստվածածին 

Լմբատավանք

Լմբատավանք

Հառիճավանք

Հառիճավանք

вторник, 13 октября 2015 г.

Նորեկի օրհնության օր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում։


Նորեկի օրհնության օր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում։
Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում Թարգմանչաց տոնը նշվում է նաև որպես <<Նորեկի օրհնության օր>>։
Տարբեր դասարանների նորեկ աշակերտների երդման արարողությունը տեղի ունեցավ Օշականում, որտեղ նրանք, խոնարհվելով Մեսրոպ Մաշտոցի հիշատակի առջև, սուրբ պատարագի երկնային երաժշտության ներքո երդվեցին ճանաչել ու արժանապատվորեն կրել իրենց ազգի պատմությունն ու մշակույթը, հարգել նրա բարոյական օրենքները, զարգացնել ու ամրացնել ազգային գիտակցություն՝ նպաստելով նաև մշակույթի ու պատմության համամարդկային արժեքների զարգացմանը, միշտ վառ պահել սովորելու կրակը, յուրացնել նորը, անընդհատ աճել որպես անհատ և գիտելիքով զինված՝ հաղթահարել ցանկացած դժվարություն։
Նրանք երդվեցին նաև ամենուր բարձր պահել սեփական դպրոցի պատիվը, հավատարիմ մնալ նրա լավագույն ավանդույթներին և պատվով կրել թիվմեկցու պարտավորեցնող կոչումը։
Տոնակատարության վերջում դպրոցի նորեկները ստացան քահանայի օրհնությունը և <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>>-ի կրծքանշաններ։