пятница, 10 июля 2015 г.

ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՝ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՁՈՒԼՎԱԾ, ՄՏՔԻ ՈՒ ՀՈԳՈՒ ԴԱՐԲՆՈՑ: Ո՜ՆՑ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԵԶ։ ԱՐՄԱՏՆԵՐԴ ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՏ ՀՈՂՈՒՄ, ԳԼՈՒԽԴ ԴԵՊԻ ՆՈՐ ԲԱՑՎՈՂ ՀՈՐԻԶՈՆԸ․․․ ԱՅՍ ԷԼ ՈՐԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ Է՝ ՀԻԱՆՈՒՄ ԵՄ ՔՈ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԸՆԹԱՑՔՈՎ, ՈՐՈՒՄ ԵՍ ԷԼ ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՄ․․․


Այսօր ես բժիշկ եմ ՝ քաղաքում քիչ թե շատ ճանաչում ու հարգանք վայելող, իրեն վստահող հիվանդներ ունեցող: Այսօր ինձ էլ դիմում են խորհրդի համար ՝ որպես մասնագետի, որպես ընկերոջ, որպես մարդու... Պարզապես չգիտեմ՝ վստահու՞մ են այնքան ու անվերապահորեն հավատու՞մ են, ինչպես մենք էինք հավատում մեր մանկավարժներին, ովքեր մինչ օրս դպրոցի ջահակիրներն են... Այսօր դպրոցիս բնագիտական հոսքի բարձրդասարանցիներին տեսա Գյումրի բժշկական կենտրոնում. մասնագիտական կողմնորոշման պրակտիկա են անցնում... Հրաշալի նախաձեռնություն է. մարդը ճանաչում է իր ապագա մասնագիտության առավելություններն ու դժվարությունները, ծանրութեթև է անում իր ցանկություններն ու հնարավորությունները.... Այս առումով ,կարծեմ, Թիվ 1-ը առաջինն է ու դեռևս երևի միակը: Հիվանդանոցում կողք կողքի կանգնած էր Թիվ 1-ի 3 սերունդ՝ բժիշկներ, բժշկական համալսարանի ուսանողներ ու ապագա բժիշկ աշակերտներ՝ մոտ երեք տասնյակ... Գժվելու էր... Մեր գրկախառնված իրարանցումը շատերի ուշադրությունը գրավեց. ,, Ո՞ր դպրոցից եք,- հարցնում էին:- Հաա՜,, ,- պատասխանը լսելուց հետո ծոր էին տալիս տեղյակ մարդու տոնայնությամբ : Հիշում եմ մեր կարգախոսը՝,,Առաջինը առաջինն է ամենուր,,. այն կենսունակ է նաև այսօր...



Կարծում եմ / թող ներվի, եթե սխալվում եմ/՝ առաջինն ու միակն է նաև, որ ունի սեփական հաղորդաժամ՝ ,, Այցեքարտ թիվ 1,, անվանումով , որը պատրաստում ու եթեր են հեռարձակում դպրոցի պատանի լրագրողները ամեն շաբաթ օր՝ ժամը 18:00-ին ,,Շիրակ,, հանրային հեռուստատեսությամբ: Այն, որ լուսաբանվում, արծարծվում են ամենատարբեր թեմաներ, հրաշալի է, բայց հատկապես ինձ հիացնում է պատանի լրագրողների գրագետ խոսքը, պահվածքը, մտքի ճկունություը , խոսք կառուցելու կարողությունը... Խոստովանեմ՝ մենք ավելի վատ էինք արտահայտվում: Չեմ կարողանում հրճվանքս զսպել ու հաճախ շրջապատում հպարտանում եմ կամ ինքս ինձ բարձրաձայնում ՝ ՄԵՐՈՆՔ են...


Գիտեմ, որ հպարտություը գովելի հատկանիշ չէ, բայց ինչպես չհպարտանամ , երբ Թիվ 1-իս աշակերտները պարբերաբար հաղթանակներ են տոնում ,,Հայ ասպետ,, մրցախաղում , և իմ համադպրոցականների ու մանկավարժներիս արհեստավարժությունն ու լրջությունն այնքան է գնահատվել , որ դպրոցը դարձել է խստապահանջ ,, Հայ ասպետի,, գործընկերը Շիրակի մարզում: Դպրոցում լրացուցիչ ուսուցանվում են հայրենագիտություն, առասպելագիտություն, խոսքի մշակույթ, նշանավոր մարդկանց կյանքի դասերը, ազգային երգ ու պար...


Երգն ու պարը , պատմում են, որ դպրոցի մշտական ուղեկիցներն են այսօր, բայց ,,լուրջ,, գործերն էլ հետ չեն մնում: Դպրոցի պատանի երկրապահներից 30-ն, օրինակ, արդեն ունեն սերժանտի կոչում: Սա հենց այնպես չի տրվել. ամենօրյա տքնաջան աշխատանքի, ,,ծառայության,, շնորհիվ են հասել այս աստիճանին, ինչի ամփոփումը Սևանում անցկացրած ,,ծառայությունն,, էր Շիրակի մարզի երկրապահների միության ենթակայությամբ ու ընկերությամբ:


Ռազմական գործի նկատմամբ հետաքրքրության հետևանքն այն է նաև, որ դպրոցը համագործակցության պայմանագիր է ստորագրել Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտի հետ. դպրոցի ռազմական հոսքի շրջանավարտները ինստիտուտ կընդունվեն որոշակի արտոնությամբ, նաև հնարավորություն կունենան մասնագիտական կողմնորոշման պրակտիկա անցնելու ինստիտուտում ՝ ուսանողների հետ համատեղ ուսումնառության ընթացքում: Երբեմն մտածում եմ, որ եթե բժիշկ չդառնայի, հաստատ օդաչու էի դառնալու...Երկինքը՝ մաքո՜ւր ու անծա՜յր ու այնքա՜ն մոտ...Լավ, չշեղվեմ: Արտոնություն ունեն նաև նրանք , ովքեր ընտրել են ռազմական հոսքը: Նախապատրաստական անվճար պարապմունքներ են կազմակերպվում , որոնք օգտակար են և գնահատելի և՛աշակերտների, և՛ ծնողների կողմից... Է՜լ չգնահատվի...


Ասեմ, որ պակաս ուրախություն չապրեցի , երբ համոզվեցի, որ ծնողների ու դպրոցի միջև ջերմ բարեկամություն կա: ,,Մեր դպրոցը,, հոգեբանությամբ են ծնողներն ընկալում յուրաքանչյուր հարց՝ կրթօջախին առնչվող...Իրենք նախաձեռնում են, կազմակերպում, քննարկում տնօրենության հետ, երբեմն հաճելի անակնկալներ մատուցում...Խմբված ծնողներին հարցրի.,, Չե՞ք աշխատում,, , միաբերան պատասխանեցին. ,, Աշխատում ենք. դպրոցում... ուղղակի ոչ հաստիքով...,,: Ծիծաղում ենք...Մտածում եմ ՝ հաջողությունները պատահական չեն, որովհետև աշակերտի, շրջանավարտի, ծնողի, ուսուցչի համար դպրոցը ապրում է որպես ,,ՄԵՐԸ,, ,իսկ իրենք իրար վերաբերվում են որպես ՄԵՐՈՆՔ...Երանի մեր երկրի նկատմամբ էլ նույն վերաբերմունքն ունենայինք... Էլի շեղվեցի:


Ես այստեղ եմ գործով. զարմիկիս եմ բերել դպրոց ընդունելու: Շրջում ենք դպրոցում: Ես կարոտս եմ առնում, փորփրում տաք հիշողություններս, զրուցում, ինքը դպրոցը, միջավայրն է ծանրութեթև անում, համեմատում իր նախկինի հետ: Ընտրության խորհուրդը իմն է, ընրության իրավունքը՝ իրենը... ,,Լավագույնների,, տախտակի առաջ ենք: Օլիմպիականներ՝ հանրապետական ու միջազգային ստուգատեսների հաղթողներ, մեդալակիրներ, արվեստակիրներ, սպորտի վարպետներ... Լավ է ՝ նշաձողը ոչ միայն պահում են, այլև բարձրացրել են...Այս տարվա ընդունվածների ցուցակն է՝ էլի մեծ մասը բժշկական համալսարան, ԵՊՀ իրավագիտության, միջազգային հարաբերությունների , լեզվաբանության, աշխարհագրության ֆակուլտետներ, տնտեսագիտական համալսարան... Ասում եք՝ հպարտությունը լավ բան չէ... Այս պարագային դուք ի՞նչ զգացողություն կունենայիք: Իսկ եթե հավելեմ Դլիջանի միջազգային դպրոց ընդունելությո՞ւնը, ,,FLEX,,-ի մի քանի հաղթողների անուննե՞րը... Տեսնու՞մ եք, դուք էլ նույնն զգացիք..... Թերթում եմ դպրոցիս ,,Facebook,,-յան, էլէկտրոնային էջերը, մեր ժամանակ նման բաներ չկային, հիմա նստածդ տեղը կարող ես ամեն ինչ իմանալ: Փաստորեն միայն ակադեմիական գիտելիքն ու կրթությունը չեն, որ առաջնահերթ են... Միջոցառումներ, ճանաչողական էքսկուրսիաներ, վրանային արշավներ, ընկերական հանդիպումներ, տարբեր արտադպրոցական ծրագրեր , բարեկամական այցեր ու ընդունելություններ,...Ինչ լավ է, որ իմ դպրոցը շաատ բարեկամներ ունի: Առանց բարեկամի ոնց կապրես: Իսկ բարեկամ ունենալու համար պետք ՄԱՐԴ լինես, էս ինչ եմ ասում, պետք է քո տեղում ու դերում լինես. սա է միակ բանաձևը: Զարմիկս, վաղուց իր ընտրություը կատարած, կանգնած հիանում է դպրոցի ջերմոցի ապակիներից ժպտացող կարմրաթուշ պոմիդորով ու ելակով, իսկ ես դեռ չեմ հագենում հիշողություններս փորփրելուց, ծանոթներին զրույցի մեջ ներքաշելուց, իսկ անծանոթներին երախտագիտորեն ժպտալուց... Շնորհակալ եմ բոլորիցդ... միայն այսքանն եմ կարողանում բարձրաձայնել այնքան խառն ու գունեղ իմ ապրումներից...Շնորհակալ եմ ու հպարտ, որ ես կրում եմ թիվ 1-ի շրջանավարտը լինելու պատիվը....