понедельник, 19 сентября 2016 г.

ՄԵՐ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴԱՍԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ։
Այսօր պարադոքսալ մտածողության զարգացման դասն էր։ Հրաշալի էր։ Չկար ոչ մի սահմանափակում։ Ամեն ինչ ազատ էր ու ազատ մտածողության մղող․․․ Արթուր Նիկողոսյանը յուրահատուկ էր որպես ուսումնավար․․․ Անհամբեր սպասում ենք հաջորդ շաբաթին։ Մուտքն ազատ է ազատների համար։ 
ՄԵՆՔ ՍՊԻՏԱԿ ԱԳՌԱՎՆԵՐ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ՝ ԵՐԱՄ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․




вторник, 13 сентября 2016 г.

Շարունակվում են Թիվ 1-ի բացօթյա դասերը՝ «Սիրելու համար նախ ճանաչենք» խորագրով։ 2016-2017 ուստարվա մեկնարկը տրված է:
Ուսումնական տարին հազիվ սկսված՝ անհամբերությամբ սպասում էինք մեր բացօթյա դասերին՝ կրկին լսելու մայր բնության կանչը, կրկին հաղորդակից դառնալու մշակութակերտ մեծ ուսուցիչների դասերին՝ իրենց իսկ հարազատ միջավայրում, կրկին հմայվելու մեր անզուգական ճարտարապետության հրաշալիքներով…
Սեպտեմբերի 10-ին Լոռիում էինք: Ճանապարհին մեր հոգին օրորում էր Լոռվա չքնաղ բնությունը, միմյանց անվերջ հաջորդող սարերի թավ ծառաստաններն ու դարավանդների մոգական բեկվածքը, շերտատված ժայռերի զարմանալի գեղեցկությունը: Զգում էինք բնության հզոր ու կախարդական ուժը:
Նախ հյուրընկալվեցինք հյուրաշահ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում: Առաջին անգամ չէ, որ Մեծ լոռեցին «ընդունում էր» մեզ, բայց այժմ իր հայրական տանն էինք: Իհարկե, մեզ համար անսովոր էին մեկուկես դար հեռավորության կենցաղավարության այդպիսի պայմանները, հողե հատակը, որի վրա քայլող մանկան սիրտը տրոփելու էր ազգի համար ու հանգչելու այնտեղ, որտեղից սկսել էր բաբախել: Բայց անսովոր չէր այն հոգածությունը, որ բանաստեղծը հանդես էր բերել հայրական օջախի նկատմամբ: Այսօր այդ տունը հնի ու նորի միաձույլն է, ինչպես Դսեղը, որ վաղուց արդեն թումանյանականը չէ, բայց մնում է թումանյանական, քանզի այնտեղ են հավերժում «մեծ մարդու մասին գաղափար» տվող տեր Թադևոսի հոգին ու նրա՝ մեծ մարդու կյանքով ապրած որդու՝ Հովհաննես Թումանյանի սիրտը:
Ապա պիտի «նվաճեինք» դժվարամատույց ու քմահաճ Քոբայրի վանքը: Բայց հոյաշեն կառույցն ու աստվածակերտ բնությունը պիտի փոխհատուցեին քրտինքի յուրաքանչյուր կաթիլ: Ու մեզ մնում էր դարձյալ զարմանալ մեր նախնիների հավատի ամրության համար, որը անառիկ ժայռը վերածել էր սրբատեղիի: Սրբերի որմնանկարների «հովանու» ներքո էլ իմացանք Քոբայրի վանքի պատմության մասին:
Մեր հաջորդ «դասարանները» Սանահինի կամուրջն ու վանքը, Հաղպատն ու Օձունն էին: Միջնադարյան սալաքարերին կանգնած՝ միմյանց հաղորդում էինք մեր գիտելիքներն այդ կոթողների մասին ու միևնույն ժամանակ հիանում այն բազմագեղությամբ, որի առաջ բերած զգացողությունը չի փոխանցում ոչ մի գիրք: Մենք զգում էին այն վիթխարի առավելությունը, որն այժմ ունեինք, երբ շնչում էինք Սանահինի, Հաղպատի և Օձունի ոչ նույնական օդը, ձեռքի հպումով լուռ խոսում նրանց քարերի հետ, զգում դարերի ուժը և գիտակցում, որ մենք ստեղծել ենք մե՛րը, անկրկնելի՛ն: Պիտի խոստովանենք, որ առանձին հպարտություն ապրեցինք, երբ ֆրանսիացի զբոսաշրջիկներն ընդհատեցին իրենց զրույցը՝ լսելու համար մեր ընկերների՝ Սուրենի ու Վարդանի՝ շարականի երգեցողությունը, իսկ քիչ անց բարեկամացան, ապա հաճույքով լուսանկարվեցին մեզ հետ:
Օրն անմոռանալի է, դասը՝ յուրացված: