среда, 21 октября 2015 г.

Շարունակվում են Թիվ 1-ի բացօթյա դասերը՝ <<Սիրելու համար նախ ճանաչենք>> խորագրով ։
Տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ բացօթյա դասը այս անգամ Լոռու մարզում էր: Վանաձորի՝ Ստ. Զորյանի տուն-թանգարանում աշխույժ հարցազրույց ծավալվեց երեխաների և էքսկուրսավարի միջև, որի արդյունքում սովորողներն ավելացրին իրենց գիտելիքները Ս. Զորյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ: Ապա Լոռու բերդում ստեղծվեց միջառարկայական կապ գրականության և պատմության միջև, երբ բերդի ստեղծման պատմությունը ներկայացնելիս հիշվեց Դավիթ Անհողինը: Ուշագրավ էին աշակերտների դատողությունները բերդի, եկեղեցու կառուցվածքի վերաբերյալ, հետաքրքրվածությունը տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսական աշխարհի նկատմամբ՝ հանպատրաստից կապ ստեղծելով նաև աշխարհագրություն և կենսաբանություն առարկաների միջև: Խիստ տպավորիչ էր Հնեվանքը նաև տեղանքի փոքր-ինչ դժվարամատչելիությամբ, որը մասնակիցները հաղթահարեցին խանդավառությամբ և նույն ոգևորությամբ էլ միմյանց հաղորդեցին վանքի մասին իրենց տեղեկությունները: Էքսկուրսիան ավարտվեց Ստեփանավանի Դենդրոպարկում, որտեղ ծառերի մոտ կանգ առնելով և ընթերցելով՝ համադրում էին իրենց գիտելիքները կենսաբանությունից:Ուրախությամբ ենք նշում, որ երեխաները գնահատում էին ոչ միայն ձեռակերտ հուշարձանները, այլև բնության հրաշալիքները: Նրանց ուշադրությունը գրավում էին և՛ աշնանային մոգական գուներանգները, և՛ գետակներն՝ իրենց ոլորահոս հունով, և՛ վեր հառնող ժայռերի քարակերտվածքը: Իսկ Լոռու բերդում հայրենազգացողության բուռն ոգեշնչումից ինքնաբուխ թափ առան ազգագրական պարերն ու հայրենասիրական երգերը: Ի պատիվ աշակերտների՝ հավելենք, որ իբրև հանրագումար՝ տունդարձի ճանապարհին նշեցին, որ տեսածն ու զգացածը ոչ միայն ամբարվում են իբրև անկողոպտելի հարստություն, այլև այսօրինակ համակցված բացօթյա դասերը գրավականն են հայրենի աշխարհի ճանաչման և ակունքը՝ այն իրապես սիրելու, պահպանելու և այնտեղից երբեք չհեռանալու։
Լոռու բերդ

Լոռու բերդ

Ստեփան Զորյանի տուն-թանգարան

Ստեփան Զորյանի տուն-թանգարան

Ստեփան Զորյանի տուն-թանգարան

Հնեվանք

Հնեվանք

Դենդրոպարկ

Комментариев нет:

Отправить комментарий