вторник, 5 апреля 2016 г.

Ձեր՝ Գյումրու թիվ 1 ավագ դպրոց

Տղե՛րք ջան, դեռ երեկ երեխեք, այսօր՝ զինվորնե՛ր ջան, անպարտնե՛ր ջան, ամեն վայրկյան մտովի ու բարձրաձայն աղոթում եմ ձեզ համար…
 Մեր  հողի ցավից սիրտս ճմլվում է,   բայց և հպարտությունը  կոկորդս բաց չի թողնում։ Ո՜նց եմ սիրում ես ձեզ ու ոնց եմ դողում՝  հանկարծ մատներդ փուշ չմտնի…
Իմ խոհեմ, խենթ, խելացի, չարաճճի, ըմբոստ, հավասարակշռված, լուրջ ու ցանցառ հզորնե՛ր ջան, ո ՜նց եմ ուզում  այս պահին հավաքել բոլորիդ իմ մեծ, տաք, ապահով գրկում, համբուրել ու յուրաքանչյուրիդ շնորհակալություն հայտնել, որ մեր պատիվը, իմ  պատիվը, քաղաքի ու տեսակի պատիվը  այսքան բարձր եք պահում…
Ռա՛զ ջան /ասինք՝  լուրջ,  չասինք՝ այդքան/, Բաբկե՛ն ջան /ա՛յ տղա, էլի ժպտու՞մ ես/, Վարդգե՛ս  ջան /չքնես մնաս, այսինքն՝ ինչ եմ ասում/, Իգանո՛ր ջան /էս ինչ առնական տեսք ես ստացել/, Դավոներ ջան, Հովոներ ջան ...     ջան …  ջան …
Հավատու՞մ էիք, որ  կարող է՝ բառեր չգտնեմ՝ զգացածս փոխանցելու համար…  Հիմա այդ վիճակում եմ … Ձեր ցավը տանեմ, թիթիզություն  չանե՛ք, ձեր քաջությանը կասկածող չկա, մի՛ փորձեք իրար գերազանցել…
 Չմոռանաք՝  վախկոտը նենգ է լինում, չմոռանաք՝ թուրքի լամուկի դեմ եք կանգնած…
Արժանապատվության, հայրենաբաղձության, արիության դասերի  հետ պատմության դասերը հիշե՛ք թուրք հորջորջվող երևույթի  մասին…
Հիշու՞մ եք՝ դժգոհում էինք, Վերջին զանգի քեֆ էինք ուզում…  Ա ՜յ քեֆը հիմա ենք անելու, երբ  վերադառնաք, երբ հավաքվեք իրար գլխի բոլորս…  Արտա՛կ ջան, պատրաստվիր <<Յարխուշտա>> ենք պարելու…  Սովորեցնելու համար էլ չարչարվել պետք չէ.  գենով, ոգով, արյունով, այս պատերազմով  սրբագրվել  է պարը և լցվել բոլորիդ մեջ,  բոլորիս մեջ։
Ձեր՝  սուրը բռնած ու մեր՝ երկիրք  մեկնված ձեռքերն այնպես ենք իրար խփելու, որ ոչ միայն նենգ ոսոխը, այլև խուլ ու համր  բարեկամը սթափվի…  Ո ՜նց ենք պարելու…  Բայց պայմանով, որ չպակասեք, լսու՞մ  եք,   չպակասեք, ոչ մի բացակա չի լինելու,  ոչ մի ներողություն այս անգամ ձեզ չի փրկի…
Ձեր ցավը  տանեմ /չէիք լսել, չէ՞  մինչ օրս… բայց հո գիտե՞ք, որ ներսում միշտ եղել է այդ/, սթա՛փ եղեք, իրար պահե՛ք, մենք բոլորս՝  մեծով-փոքրով,
 ձեզ հետ ենք, աղոթում ենք Ձեզ համար ու հպարտ ենք ձեզնով …  Չմոռանաք մեր դասերը. այս երկրի  ՏԵՐԸ ԴՈՒՔ  ԵՔ ... Տիրոջ   պես ծառայում եք, տիրոջ իրավունքով էլ վայելելու եք …  Լսու՞մ եք …


Ձեր՝     Գյումրու թիվ 1 ավագ դպրոց



Комментариев нет:

Отправить комментарий