пятница, 10 июля 2015 г.

Ես այստեղ եմ գործով. զարմիկիս եմ բերել դպրոց ընդունելու: Շրջում ենք դպրոցում: Ես կարոտս եմ առնում, փորփրում տաք հիշողություններս, զրուցում, ինքը դպրոցը, միջավայրն է ծանրութեթև անում, համեմատում իր նախկինի հետ: Ընտրության խորհուրդը իմն է, ընրության իրավունքը՝ իրենը... ,,Լավագույնների,, տախտակի առաջ ենք: Օլիմպիականներ՝ հանրապետական ու միջազգային ստուգատեսների հաղթողներ, մեդալակիրներ, արվեստակիրներ, սպորտի վարպետներ... Լավ է ՝ նշաձողը ոչ միայն պահում են, այլև բարձրացրել են...Այս տարվա ընդունվածների ցուցակն է՝ էլի մեծ մասը բժշկական համալսարան, ԵՊՀ իրավագիտության, միջազգային հարաբերությունների , լեզվաբանության, աշխարհագրության ֆակուլտետներ, տնտեսագիտական համալսարան... Ասում եք՝ հպարտությունը լավ բան չէ... Այս պարագային դուք ի՞նչ զգացողություն կունենայիք: Իսկ եթե հավելեմ Դլիջանի միջազգային դպրոց ընդունելությո՞ւնը, ,,FLEX,,-ի մի քանի հաղթողների անուննե՞րը... Տեսնու՞մ եք, դուք էլ նույնն զգացիք..... Թերթում եմ դպրոցիս ,,Facebook,,-յան, էլէկտրոնային էջերը, մեր ժամանակ նման բաներ չկային, հիմա նստածդ տեղը կարող ես ամեն ինչ իմանալ: Փաստորեն միայն ակադեմիական գիտելիքն ու կրթությունը չեն, որ առաջնահերթ են... Միջոցառումներ, ճանաչողական էքսկուրսիաներ, վրանային արշավներ, ընկերական հանդիպումներ, տարբեր արտադպրոցական ծրագրեր , բարեկամական այցեր ու ընդունելություններ,...Ինչ լավ է, որ իմ դպրոցը շաատ բարեկամներ ունի: Առանց բարեկամի ոնց կապրես: Իսկ բարեկամ ունենալու համար պետք ՄԱՐԴ լինես, էս ինչ եմ ասում, պետք է քո տեղում ու դերում լինես. սա է միակ բանաձևը: Զարմիկս, վաղուց իր ընտրություը կատարած, կանգնած հիանում է դպրոցի ջերմոցի ապակիներից ժպտացող կարմրաթուշ պոմիդորով ու ելակով, իսկ ես դեռ չեմ հագենում հիշողություններս փորփրելուց, ծանոթներին զրույցի մեջ ներքաշելուց, իսկ անծանոթներին երախտագիտորեն ժպտալուց... Շնորհակալ եմ բոլորիցդ... միայն այսքանն եմ կարողանում բարձրաձայնել այնքան խառն ու գունեղ իմ ապրումներից...Շնորհակալ եմ ու հպարտ, որ ես կրում եմ թիվ 1-ի շրջանավարտը լինելու պատիվը....


Комментариев нет:

Отправить комментарий