среда, 11 ноября 2015 г.

Շարունակվում են Թիվ 1-ի բացօթյա դասերը՝«Սիրելու համար նախ ճանաչենք» խորագրով:
Կիրակի՝ 8 նոյեմբերի, մեծարանքի տուրք մատուցեցինք հայ դպրության և գրականության մեծերին, «հաղոդակից» դարձանք այն ամենին, ինչ ուսումնասիրում ենք հայ գրականության դասաժամերին: Նախ Օշականում էինք՝ ի խոնարհում Հայոց առաջին ուսուցչին, որտեղ մեկ անգամ ևս վերհիշեցինք մեծն Մաշտոցի անցած ճանապարհը, կարևորեցինք հայապահպան գործը, նրա շիրիմին՝ իբրև աղոթք, արտասանեցինք նրա իսկ քերթվածներից: Ապա ուղևորվեցինք մայրաքաղաք:
Երևանում Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի թանգարաններում, նորովի ճանաչեցինք հայ գրական մտքի առաջատար դեմքերին: Մտովի ճանապարհորդություն կատարեցինք ժամանակի մեջ և «վերապրեցինք» նրանց դարաշրջանը: Խորին ակնածանքով էինք նայում այն իրերին, որոնց երբեմնի հպվել են մտքի մեծերի ստեղծարար մատները, փորձում էինք երևակայությամբ վերստեղծել նրանց կյանքից դրվագներ, որին մղում էին արդեն ցուցանմուշ դարձած՝ միմյանց արված ընծաները: Նրանց ձեռագրերը մեր աչքերում հառնում էին որպես մասունքներ: Եվ մեր ակտիվ զրույցը թանգարանների ուղեկցորդուհիների հետ միտում ուներ իմանալու հնարավորինս ավելին:
Օրվա երկրորդ կեսին Կոմիտասի անվան Պանթեոնում էինք, որտեղ խոնարհվեցինք հայ արվեստի և գրականության հսկաների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցեցինք նրանց ստեղծագործություններից արտասանելով:
Օրը հագեցած էր անմոռաց տպավորություններով և զգացումներով: Արտադասարանական այսպիսի ուսուցումը մեզ հասկացնել տվեց, որ մինչ այժմ սովորելը մեզ համար աշակերտական պարտականություն էր, իսկ այսուհետ կլինի քաղաքացիական պարտավորություն՝ ի պահպանություն և փոխանցում մեր անկրկնելի մշակույթի:

Օշական

Օշական

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Հովհաննես Թումանյան տուն-թանգարան

Հովհաննես Թումանյան տուն-թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Եղիշե  Չարենցի տուն-թանգարան

Կոմիտասի պանթեոն

Կոմիտասի պանթեոն

Կոմիտասի պանթեոն

Комментариев нет:

Отправить комментарий