понедельник, 16 ноября 2015 г.

«Սիրելու համար նախ ճանաչենք»

Շարունակվում են Թիվ 1-ի բացօթյա դասերը՝«Սիրելու համար նախ ճանաչենք» խորագրով:
Կիրակի՝ 14 նոյեմբերի, մեզ համար «դասասենյակներ» դարձան Շիրակի և Արագածոտնի մարզերի մի քանի պատմամշակութային հուշարձանները: Մեր աչքերի առջև վեր էին խոյանում Երերույքի, Թալինի Ս. Կաթողիկե թեկուզ կիսավեր, բայց հոյակերտ եկեղեցիները, Մաստարայի Ս. Հովհաննես-Մկրտիչ և Ս. Ստեփանոս Նախավկա, Սառնաղբյուրի Ս. Թադևոս վանքերը: Խիստ տպավորիչ էին այդ սքանչելի կոթողներից յուրաքանչյուրը՝ իրենց ճարտարապետական լուծումներով: Իհարկե, մենք միմյանց փոխանցում էինք մեր տեսական գիտելիքները այդ եկեղեցիների մասին, բայց այն, ինչ նրանցից ենք սովորում, անփոխարինելի է: Անգամ խոնարհված, բայց Երերույքի տաճարը մնում է վեհաշեն ու վեհացնող, Ս. Կաթողիկեն՝ զարմացնող ու զմայլեցնող իր անմեկին խոնարհ շքեղությամբ: Փորձում էինք թափանցել միջնադարյան վարպետ-ճարտարապետների խորախորհուրդ գաղտնարանները, բայց նրանք լուռ էին: Մաստարայի Ս. Ստեփանոս Նախավկա մատուռի բարձունքից հայրենի հողն էր մեզ ժպտում ուշաշնանային խաղաղ գեղեցկությամբ: Օրվա վերջին հաճելի զգացումները լրում ապրեցին մեր դասընկերներից երկուսի երգեցողությամբ. Ս. Թադևոս եկեղեցու գմբեթի ներքո արձագանքվող ախորժալուր տաղերն ու շարականները մեր ակնածանքը բարուրեցին հոգեպարար անդորրությամբ:
Իսկ զգացումների ու տպավորությունների գագաթնակետը Դաշտադեմի ամրոցում էր: Ներշնչող չափերի կարմրագույն հպարտ կառույցն իսկապես հոգու թրթիռ է առաջացնում: Աշտարակի բարձունքից դիմացդ փռված համայնապատկերն այնպես է ոգեշնչում, որ կարող է դուրս հորդել միմիայն ազգային երգ ու պարով, ինչն էլ, իհարկե, չուշացրինք: Մենք՝ Շիրակ աշխարի զավակներս, Կամսարականների արյան կանչն էինք զգում մեր յուրաքանչյուր պարաքայլի մեջ:
Ամենը, որ վերցրինք մեզ հետ հայրենի երկրի գրկում անցկացրած այս դասից ևս, կմնա մեր հոգու անկորնչելի հարստությունը:

Երերույքի տաճար

Երերույքի տաճարում
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի

Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի

Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի

Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոցի մատուռում

Մաստարայի Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում

Մաստարայի Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում

Մաստարայի Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում


Комментариев нет:

Отправить комментарий