среда, 30 ноября 2016 г.

Հաշվետվություն 8-րդ դասարանի դասղեկական աշխատանքի


        Բնատուր էությամբ իրեն արժանավայել դրսևորելու կարողությունը նշան է կատարելության և համարյա աստվածային արժանիք է: Մենք ձգտում ենք լինել ինչ-որ ուրիշ մի բան՝ չկամենալով խորամուխ լինել մեր սեփական էության մեջ, դուրս ենք գալիս մեր բնական սահմաններից՝ չիմանալով իսկապես ինչի ենք ընդունակ: Հարկ չկա ոտնացուպերի վրա բարձրանալ. դրանցով էլ պետք է շարժվել սեփական ոտքերի օգնությամբ:                                                   
                                                                                                                       Միշել Մոնտեն
            2016-2017 ուսումնական տարվա նոյեմբեր ամսին դասղեկական  գործունեությունս հիմնականում ուղղված է եղել աշակերտների զարգացմանը  նպաստող  գիտելիքների յուրացմանն ու օգտագործմանը:
Դասղեկական ժամերի և լրացուցիչ պարապմունքների միջոցով աշակերտներն առավել խորությամբ  ծանոթացան բարեկիրթ վարվեցողության  ու գեղեցիկ շարժուձևին առնչվող հարցերին: Նրանք գիտակցեցին, որ հասարակական միջավայրում վարվեցողության նորմերի պահպանումը յուրահատուկ շուք է տալիս մարդուն, ընդգծում վերջինիս դաստիարակվածությունն ու արժանիքները, նպաստում այլ մարդկանց հետ ներդաշնակ փոխհարաբերությունների հաստատմանը, թույլ է տալիս պահպանել սեփական արժանապատվությունը, բարձրացնում է մարդու վարկն ու հեղինակությունը: Աշակերտների առաջարկությամբ մեկ դասաժամ էլ տրամադրեցինք փողկապ կապելու տարբեր ձևերի յուրացմանը: Չմոռացանք անդրադառնալ նաև կոշիկների և գուլպաների ընտրությանը:
     Այս ամենի տրամաբանական շարունակությունը հանդիսացավ ֆրանսիացի լուսավորիչ Միշել Մոնտենի՝ բարձրասլաց մտքով, նրբագեղ ոճով և պատումի ազատությամբ գրված գաղափարների ուսումնասիրությունը: Հեղինակի շռայլ, կենսասեր, կայտառ, գրավիչ մտքի հոսքն իր մեջ մաքրագործող ուժ էր կրում: Նրանից իմաստնություն և հոգեկան առողջություն էր ճառագում: Աշակերտները հաճույքով  սպրդեցին Մոնտենի հոգու նվիրական գաղտնարանները:
   Վերջին  շաբաթվա ընթացքում աշակերտներին հանձնարարվեց նաև ուսումնասիրել, թե ինչ է mind mapping-ը /մտքի քարտեզագրումը/  և պատրաստել մեկական mind mapping <<Իմ ապագա դպրոցը>> թեմայով, որը տեղադրվելու է ETwinning Plus Armenia հարթակի համապատասխան պրոյեկտի Twin Space-ում:
  Նոյեմբերի 30-ին էլ հյուրընկալվեցինք Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում, մասնակցեցինք դպրոցի՝ Վաղարշապատի տոնին  նվիրված միջոցառմանը, ծանոթացանք քաղաքի պատմական ու մշակութային արժեքներին, պատվավոր քաղաքացիներին: Վերադարձանք անմոռանալի տպավորություններով՝ ավելացնելով ևս մեկ հիշարժան օր մեր դասարանի պատմության մատյանին:

                                                                                    Դասղեկ՝ Ա. Գրիգորյան
                                                                                      30.11.2016
                                                     





Комментариев нет:

Отправить комментарий