среда, 16 ноября 2016 г.

VII բ դասարանում, որը ձևավորվել է 2016-2017 ուստարվա սեպտեմբերին, սովորում է 17 աշակերտ, որից 13-ը՝ տղա, 4-ը՝ աղջիկ: Դասարանի դասղեկությունը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Զիլֆիմյանը ստանձնել է ուստարվա սկզբին: Թեև աշակերտների մեծագույն մասն աչքի է ընկնում աշխատասիրությամբ և բարձր առաջադիմությամբ, սակայն տարիքային առանձնահատկությունը և տղաների քանակական առավելությունը պահանջում են առանձնակի ուշադրություն վարքագծային դրսևորումների նկատմամբ: Այնուամենայնիվ, դասարանի որակական ցուցանիշը հնարավորություն է տալիս անխաթար առաջ տանելու բարոյադաստիարակչական աշխատանքը՝ զուգահեռելով գեղագիտական դաստիարակությամբ: Սեպտեմբերին անցկացված ծնողական խորհրդի նիստում հստակեցվեցին ուստարվա ընթացքում կատարվելիք աշխատանքների ընթացքը, որոշակիացվեց ծնող-դպրոց համագործակցության ուղղությունը: Դասղեկը սերտորեն կապ է պահպանում ծնողների հետ, եղել են մի քանի առանձին զրույցներ կարգապահական կամ անձնական խնդիրներ ունեցող աշակերտների ծնողների հետ, և կանխվել են հետագա բարդությունները: Սեպտեմբերին բոլոր դասղեկի ժամերն անցկացվել են դպրոցում՝ հիմնականում դիդակտիկ զրույցների ձևով: Հոկտեմբեր ամսից աշխատանքները մտել են առավել ինտենսիվ փուլ: Մեկ բացօթյա դասղեկի ժամ ենք անցկացրել Գյումրու քաղաքային զբոսայգում, որին ներկա են եղել նաև ծնողներ՝ իրենց ցանկությամբ: Բացօթյա դասղեկի ժամին աշնանային տրամադրող գուներանգների ներքո աշակերտները խոսում էին իրենց երազանքների մասին: Երազանքների անձնական ու անանձնական բնույթի, երազանք-ցանկություն-նպատակների տարբերության, դրանց հասնելու ուղիների, բարոյական նորմերի զուգորդվող ենթաթեմաների ընթացքում երեխաներից յուրաքանչյուրը հաճությամբ ցույց էր տալիս իր ձիրքը և շնորհալիությունը կիթառ նվագելու, երգելու, ասմունքելու, անգամ արևելյան մարզաձևերի ոլորտում: Ճեմաքայլ զրույցը, ծնող-աշակերտ-ուսուցիչ մտերմիկ հարաբերությունը, անկաշկանդ խոսքն ու կատակը իսկապես տպավորել էին երեխաներին և իրական դաս տվել մարդակային փոխհարաբերությունների վերաբերյալ: Ամսվա վերջին այցելեցինք Ձիթողյանների տուն-թանգարան, որտեղ աշակերտները տեղեկություններ ստացան հին Գյումրու տարբեր խավերի կենցաղավարության, արհեստների տեսակների, արվեստի զարգացող ճյուղերի և արվեստագետների վերաբերյալ, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ուղեկցորդին, և ծավալվեց մտքերի փոխանակում: Հոկտեմբեր ամսվա մյուս շաբաթներին դասղեկի ժամերը (ի դեպ, շաբաթը երկու ժամ) անցկացվել են դասասենյակում, որոնց ընթացքում դիդակտիկ զրույցներից բացի անցկացնում ենք ճանաչողական դասեր՝ յուրաքանչյուր դասը նվիրելով որևէ պատմական կամ մշակութային գործչի՝ նրա կյանքին ու գործունեությանը զուգահեռ վեր հանելով ժամանակաշրջանը և բարքերը: VII բ դասարանի ծնողների և աշակերտների ցանկությամբ շաբաթվա մեկ դասղեկի ժամը նվիրում ենք հունարեն սովորելուն: Երեխաները մեծ ոգևորությամբ են ներկայանում դասերին, սովորում և ցանկանում են հունական մշակույթը դպրոցում ներկայացնել հունարեն լեզվով: Դասընթացին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև X բ դասարանի մի քանի աշակերտ, և ամենայն հավանականությամբ, նոյեմբերից նրանք էլ կմիանան յոթերորդցիներին:





VII բ դասարան
դասղեկ՝ Կ․ Զիլֆիմյան



Комментариев нет:

Отправить комментарий